USAID LOGO L I F E SCI LOGO
   

LIVELIHOOD IMPROVEMENT THROUGH FOSTERED EMPLOYMENT FOR PEOPLE WITH DISABILITIES PROGRAM

   
ENG
ARM
       
 

 

Իրավիճակի նկարագիր
Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ ապրում է այս կամ այն տեսակի հաշմանդամությամբ, և 200 միլիոն մարդ գործունեության ընթացքում առնչվում է զգալի դժվարությունների: Ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող անձինք առողջապահական, կրթական և տնտեսական բնագավառներում մասնակցության համեմատաբար ցածր և աղքատության ավելի բարձր ցուցանիշներ ունեն: Սա մասամբ այն պատճառով է, որ հաճախ առողջապահական, կրթական, զբաղվածության, տրանսպորտային և տեղեկատվական ծառայությունները մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Մատչելիությանը խոչընդոտող գործոնները ներառում են անկատար չափանիշներն ու ընթացակարգերը, բացասական վերաբերմունքը, ծառայությունների անհասանելիությունը, տեղեկատվության և հաղորդակցության ոչ բավարար լինելը, գենդերային խտրականությունը և հաշմանդամություն ունեցող անձանց անբավարար մասնակցությունն իրենց վերաբերող որոշումների կայացման գործընթացում:
Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը մեծապես բարելավել է իր տնտեսությունը, ենթակառուցվածքները և հանրային ծառայությունները: Այսուհանդերձ, պաշտոնապես գրանցված 179 257 հաշմանդամ անձանց մեծամասնությունը շարունակում է դիմակայել հասարակության կողմից հաշմանդամության թյուր ընկալմանն ու ոչ պատշաճ կիրառում ունեցող օրենքներին ու կանոնակարգերին, որոնք հիմնականում անծանոթ են հաշմանդամություն ունեցող անձանց: Հատուկ մասնագիտական դպրոցների մեծ մասը կարողություններ և հնարավորություններ չունեն իրենց կրթական ծրագրերում հաշմանդամություն ունեցող անձանց ընդգրկելու համար: Վերապատրաստումների և աշխատանքի բացակայության պայմաններում՝ հաշմանդամություն ունեցող անձինք բավարարվում են կառավարության կողմից սահմանված թոշակով: Նրանք համապատասխան ինֆորմացիա չունեն իրենց իրավունքների մասին և վարում են խիստ սահմանափակ կյանք՝ մերժվելով հասարակության կողմից և խտրականության ենթարկվելով աշխատավայրում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ կարևորություն է տալիս հաշմանդամության և զբաղվածության խնդիրներին: 2006 թ. հուլիսի 13-ի N 996 Որոշումը առաջին խթանը հանդիսացավ, որպեսզի գործատուները աշխատանքի ընդունեն հաշմանդամություն ունեցող անձանց: Վերջին տասնամյակներում հիմնվեցին հաշմանդամություն ունեցող անձանց բազմաթիվ կազմակերպություններ
(ՀՈՒԱԿ)՝ աշխատանքի հնարավորություն ընձեռելով հաշմանդամ անձանց: Այս ՀՈՒԱԿ-ների ուշադրության կենտրոնում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու աշխատանքով ապահովումն է: Այսուհանդերձ, նրանք սահմանափակ կարողություններ ունեն հաշմանդամներին աջակցելու համար: Նրանք ունեն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, գնահատումների և վերապատրաստումների վարման անհրաժեշտ հմտությունների բարելավման, համագործակցության և համակարգման աջակցության կարիք: Չնայած երկրում արձանագրվում է հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ վերաբերմունքի դրական տեղաշարժ, այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները բավարարելու համար ՀՀ կառավարության և ՀՈՒԱԿ-ներին անհրաժեշտ ռեսուրսները մնում են անբավարար: Դեռևս ամբողջական մոտեցում ցուցաբերելու կարիք կա` հաշմանդամությունը պատշաճ կերպով դասակարգելու և մեծամասշտաբ մասնագիտական վերապատրաստումներ և աշխատանքին համապատասխանեցման ծառայություններ ապահովելու նպատակով:

LIFE ծրագրի նկարագրությունը
Հաշմանդամություն ունեցող անձանց առջև ծառացած խոչընդոտները հաղթահարելու նպատակով ՙ«Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (Livelihood Improvement through Fostered Employment - LIFE) ծրագիրը նպատակ ունի խթանել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հավասար պայմանները և աշխատանքի մատչելիությունը` որպես մարդու հիմնարար իրավունք:
LIFE ծրագիրն (2012-2015) իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Ծրագրի գործընկերներն են «ՙԱկտիվա» միջազգային հիմնադրամը, «Ունիսոն» ՀԿ-ն, «Էյջ-Դի-Փի» հիմնադրամը և «Լիարժեք կյանք» ՀԿ-ն: Ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (ԶՊԾԳ), զբաղվածության կենտրոնների, ՀՈՒԱԿ-ների, հաշմանդամություն ունեցող անձանց, ՀԿ-ների, տեղական և մարզային իշխանությունների, ծառայություններ մատուցողների, քաղաքապետարանների, միջին մասնագիտական կրթական հաստատությունների և գործատուների հետ:

Ծրագրի խնդիրները
Ծրագրի ռազմավարական խնդիրն է արդյունավետ մոդել մշակել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային հնարավորություններով ապահովելու համար` հետևյալ եղանակներով.
1. հաշմանդամություն ունեցող անձանց անհատական զարգացում գնահատման, հմտությունների խթանման և աշխատանքի տեղավորման միջոցով,
2. ծառայություններ մատուցողների, ՀՈՒԱԿ-ների, գործատուների և միջին մասնագիտական կրթական հաստատությունների կարողությունների զարգացում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները հոգալու համար,
3. լրատվամիջոցների, ինտերնետի և համաժողովների միջոցով հանրային իրազեկության բարձրացում և հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավում,
4. խորհրդատվություն ՀՀ կառավարությանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքային հնարավորությունների ռազմավարության ու քաղաքականության մշակման, իրականացման և վերահսկման համար:

Ծրագրային գործողություններն ըստ խնդիրների
Խնդիր 1. ա) հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական և արհեստագործական կարողությունների գնահատում, բ) վերապատրաստումների և զբաղվածության ապահովման նպատակով անհատական մասնագիտական զարգացման ծրագրերի մշակում, գ) հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական կարողությունների զարգացում՝ միջին մասնագիտական կրթական հաստատությունների և մասնագիտական կարողությունների վերականգման միջոցով, դ) աշխատելու պատրաստակամության խթանում և կյանքի հմտությունների ուսուցանում, ե) աշ-խատանքի համապատասխանեցում, աշխատատեղի ապահովում և հետագա աջակցություն (ուսուցում, ուղղորդում), զ) ինտեգված աշխատանքային միջավայրի ստեղծում (նոր և/կամ հարմարեցված աշխատատեղեր), է) Երևան, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում սոցիալ-արտադրական ձեռնարկությունների ստեղծում, ը) փոքր դրամաշնորհների տրամադրում ՀՈՒԱԿ-ներին և ՀԿ-ներին՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորմանը աջակցելու նպատակով, թ) համակարգող աշխատանքային խմբերի ստեղծում:
Խնդիր 2. ա) այլ ծրագրերի խորը ուսումնասիրություն՝ հաջողությունները և բացթողումները գնահատելու համար, բ) ԶՊԾԳ և ՀՈՒԱԿ-ների աշխատակազմի և ծառայություններ մատուցողների վերապատրաստում, գ) ուսուցիչների կարողությունների զարգացում ներառական դասընթացներ վարելու համար, դ) կարողությունների զարգացման աշխատանքային խմբի ստեղծում:
Խնդիր 3. Հանրության իրազեկությունը բարձրացնող նյութերի պատրաստում և տարածում, ինտերնետի օգտագործում, ծնողների և երեխաների ներգրավում և իրազեկության բարձրացում, մամուլի ասուլիսների կազմակերպում, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը նվիրված ազգային համաժողովի կազմակերպում և անցկացում:
Խնդիր 4. ա) ՀՀ օրենսդրության վերլուծություն և միջազգային լավագույն փորձի և մոդելների հիման վրա առաջարկությունների ներկայացում, բ) ուղեցույցների և վերապատրաստման ձեռնարկների մշակում:

Ծրագրի իրականացման վայրերը
Ծրագիրն իրականացվելու է Երևանի 10 համայնքներում և Արարատ, Գեղարքունիք, Լոռի և Շիրակ մարզերում:

Շահառուները
Անմիջական շահառուները. ա) 18-64 տարեկան տղամարդիկ և կանայք, ներառյալ հաշմանդամություն ունեցող մեծահասակները, երիտասարդներն ու ավարտական դասարանների հատուկ կարիքներ ունեցող երեխաները, բ) «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունն իր Զբաղվածության կենտրոնների ցանցով:
Անուղղակի շահառուները. ա) ՀՈՒԱԿ-ները լրացուցիչ տեղեկություններ կստանան հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների և իրավունքների մասին, բ) գործատուները կտեղեկացվեն աշխատավայրում հաշմանդամների իրավունքների մասին, գ) մասնագիտական և կրթական հաստատությունների ներկայացուցիչները գիտելիքներ ձեռք կբերեն հաշմանդամների մասնագիտական վերապատրաստման, կրթական միջավայրի բարելավման, միջազգային փորձի և մոդելների կիրառման վերաբերյալ, ինչպես նաև կապ կհաստատեն մասնավոր հատվածի հետ` վերապատրաստման դասընթացը աշխատանքային շուկայի ներկայիս պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

 

News

   

Employement Opportunities

LIFE Newsletter
   

Vocational Education

Media Corner
   
LIFE PSAs
LIFE Publications